К основному контенту

Սննդային հավելումներ


Որ՞ոնք են համարվում սննդային հավելումներ, ինչու՞ են արտադրողներն օգտագործում սննդային հավելումներ, ո՞ր սննդային հավելումներն են վտանգավոր

Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերությունում և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Որոշ սննդային հավելումներ ունեն գործածության լայն
տարածում և բավականին հեշտացնում են սնունդ արտադրողների «հոգսերը», իսկ սպառողները, սննդամթերքի մակնշման մեջ «E» ինդեքսը տեսնելով, մտահոգվում են` արդյոք այն վտանգավոր չէ առողջության համար: Ուստի սպառողների տեղեկատվության համար մի փոքր ներկայացնենք, թե`
Որոնք են համարվում սննդային հավելումներ
Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ:
Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ:
Համաձայն ԵՄ-ի մշակված տարբերակման համակարգի՝ սննդային հավելումները նույնականացվում են հետևյալ կերպ.
«E» դասիչՍննդային հավելումի անվանումը
E100-E182Ներկանյութեր
E200-E299Պահածոյացնող նյութեր
E300-E399Հակաթթվեցուցիչ
E400-499, E1400-E1499Կայունացուցիչներ
E450-E499Պնդացնող, կայունացուցիչ, կապող, էմուլգացնող նյութեր
E500-E599Թթվայնության կարգավորիչ, փխրեցուցիչ, հակագնդիկացնող
E600-E650Համի և բույրի ուժեղացնող նյութեր
E700-E799 *Հակաբիոտիկներ
E950-E969Քաղցրացուցիչներ
E900-E949, E970-E1399, E1500Փրփուրհանգեցնող, էմուլգացնող, հակագնդիկացնող, ջնարակիչ և այլ նյութեր
*  –  Այս խմբի հավելումները ներառված չեն ԵԱՏՄ և ՀՀ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող  թույլատրելի սննդային հավելումների ցանկում:
Ինչու՞ են արտադրողներն օգտագործում սննդային հավելումներ
Սննդամթերք արտադրողների կողմից սննդային հավելումների օգտագործման հիմնական նպատակներ են՝
ա) արտադրանքի օրգանոլեպտիկ տվյալների բարելավումը (ըստ արտաքին տեսքի, համի, գույնի, բույրի),
բ) որակյալ և թանկարժեք հումքի փոխարինումն այլ` սննդային հավելումներով մշակված, անորակ հումքով,
գ) տեխնոլոգիական գործընթացի արագացումը և դյուրացումը (հասունացման ժամկետի կրճատում, չխառնվող բաղադրիչների միավորում և այլն),
դ) պատրաստի արտադրանքի պահպանման (պիտանիության) ժամկետի երկարացումը:
Սննդային հավելումների օգտագործումը սննդում թույլատրվում է միայն նրանց անվտանգության նկատմամբ փորձաքննության արդյունքում, համաձայն որի մշակվում է մարդու կողմից սննդային հավելման օրական սպառման թույլատրելի չափաքանակ: Սննդային հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը և իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները (բացառությամբ հատուկ և դիետիկ նշանակության որոշակի տեսակի սննդամթերքի):
Արգելվում է սննդային հավելումների և բուրավետիչների օգտագործումը սննդամթերքի կեղծման նպատակով: Օրինակ, չի թույլատրվում բուրավետիչների ներառումը սննդամթերքում` վերջինիս բնորոշ  բնական բույրը ուժեղացնելու նպատակով (օրինակ «Ազնվամորի» բուրավետիչը` ազնվամորու մուրաբայում, «Կաթ» բուրավետիչը` չոր կաթում և այլն), չի թույլատրվում սննդային հավելումների և բուրավետիչների կիրառումը` պարենային հումքի կամ պատրաստի սննդամթերքի փչացման և անորակության նշաններ թաքցնելու և/կամ կեղծելու, և/կամ սպառողներին մոլորության մեջ գցելու նպատակներով:
Ո՞ր սննդային հավելումներն են վտանգավոր
Հայաստանի Հանրապետությունում իրացվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի բաղադրության մեջ սննդային հավելումների առկայության դեպքում մակնշման վրա պետք է նշվեն սննդային հավելումի գործառութային (տեխնոլոգիական) նշանակությունը (օրինակ՝ թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր և այլն) և սննդային հավելման անվանումը (օրինակ՝ սորբինաթթու), որը կարող է փոխարինվել սննդային հավելման ծածկագրով (օրինակ՝ Е 200)։
Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումը և ընտրել սննդամթերքը` ելնելով նաև նրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից: Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետևյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ և սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերևային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների և քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի):
Համաձայն ՀՀ կառավրության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշման արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը և E924a,  E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի և հացի):
Նշենք նաև, որ մթերքի որակական բարելավման կամ սննդային արժեքի բարձրացման նպատակով սննդամթերքին ավելացվող նյութերը (օրինակ` վիտամիններ, ամինաթթուներ, որոշ միկրոէլեմենտներ և այլն) սննդային հավելումներ չեն համարվում:

Комментарии

Популярные сообщения